Top

Ռևմատոլոգիական հիվանդությունների դեպքում

Ռևմատոլոգիական հիվանդությունների դեպքում հուշող առաջին գանգատը հիմնականում հոդացավն է, իսկ որոշ դեպքերում՝ այտուցը և շարժումների սահմանափակումը: Լինում են դեպքեր, երբ այցելուն բավականին ուշացումով է դիմում՝ կարևորություն չտալով  հիվանդության նշաններին: Ռևմատոլոգիական հիվանդությունների մասին  կարող է վկայել, օրինակ, մկանների կարկամությունը: Եթե մարդը առավոտյան զարթնում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել, և այդ վիճակը  տևում է մեկ ժամից ավելի, ուրեմն գործ ունենք առավոտյան մկանային կարկամածության հետ, որը ռևմատոլոգիական հիվանդությունների առաջին փուլն է համարվում: Ռեյնոյի համախտանիշի դեպքում էլ նշան կարող է լինել մատների ծայրերի, ոտնաթաթերի սառչելը, իսկ, օրինակ, համախտային գայլախտ հիվանդության ժամանակ  մարդիկ լավ չեն տանում արևի ուղիղ ճառագայթները, և ռևմատոլոգիական հիվանդությունը կարող են շփոթել արևային  ալերգիայի հետ:

Ռևմատոլոգիական հիվանդությունների դեպքում ժամանակին բժշկի դիմելը հատկապես կարևոր է: Ջայլամի քաղաքականությունը ամենից վատ բանն է, որ հիվանդը կարող է անել։ Կան մարդիկ, որ դիմում են մի քանի բժշկի՝ հույս ունենալով, որ ինչ որ մեկը կհերքի հիվանդությունը, իրենց ուրիշ բան կասի։ Այսպիսով ոչինչ չեն շահում, բայց շատ թանկ բան են կորցնում՝ ժամանակը, որ կարող էին օգտագործել հիվանդության սրացումը կանխելու, բուժումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Հոդի ձևախախտումը և հաշմանդամության զարգացումը կարելի է կանխել, եթե հիվանդության բուժումը սկսվի  զարգացման վաղ շրջանում: Եթե հոդերը ժամանակին չբուժվեն, ամեն սրացման հետ կախտահարվեն նոր հոդեր, ու կզարգանա հաշմանդամություն: Ռևմատոլոգիական հիվանդությունների դեպքում հաճախ ախտահարվում են նաև ներքին օրգանները՝ թոքերը, երիկամները, լինում է նաև մաշկի կամ ուղեղի  ախտահարում: Օրգանիզմում կատարվում են անդառնալի փոփոխություններ, որոնց դեմ բժիշկն անզոր է  պայքարել: Կարող են առաջանալ անգամ խնդիրներ, որ շատ ժամանակ անհամատեղելի են կյանքի հետ:

Եթե իմունային համակարգի գրգռումը ունի ռեակտիվ բնույթ՝ ինչ որ այլ պատճառով է զարգացել, հնարավորություն կա իսպառ վերացնելու այն: Օրինակ, որոշ դեպքերում հոդաբորբերը զարգանում  են միզասեռական կամ աղիքների  ինֆեկցիայի ֆոնի վրա: Եթե մարդը դիմի բժշկի, երբ դեռ ներքին օրգանները ախտահարված չեն, հնարավոր է  լիարժեք բուժել ինֆեկցիան ու հոդաբորբը: Խրոնիկ հիվանդությունների դեպքում վերջնական բուժման շանս չկա: Մասնագետները մշտապես ձգտում են լիարժեք ախտադադարի, այսինքն, որ հանեն դեղը և հիվանդը լիարժեք առողջ լինի,  բայց դա միշտ չէ, որ հնարավոր է: Ավելի հաճախ լինում է  դեղորայքային ախտադադար, երբ հիվանդը  դեղորայք է ստանում և  իրեն լիարժեք լավ է զգում:

Բորբոքային ռևմատոլոգիական հիվանդությունները հիմնականում առաջանում են գերգրգռված, ոչ ճիշտ աշխատող իմունային համակարգի պատճառով: Ո՞րն է իմունային համակարգի սխալ աշխատանքի պատճառը, դեռ լիովին պարզված չէ: Կան, իհարկե, արտաքին գործոններ, որ կարող են նպաստել ռևմատոլոգիական հիվանդությունների զարգացմանը: Օրինակ, ապացուցված է, որ  գայլախտի զարգացմանը նպաստում են  ուլտրամանուշակագույն ճառագայթները, ծխելը նշանակություն ունի ռևմատոիդ  արթրիդի զարգացման դեպքում: Ռևմատոլոգիական հիվանդությունների առաջացամանը կարող են նպաստել նաև արդյունաբերական թույները, դեղորայքը, վիրուսները, երբեմն անգամ շատ սպիտակուցային սնունդը  և այլն: Բայց ասել, որ դրանք են ռևմատոլոգիական հիվանդությունների հիմանական պատճառները, մենք չենք կարող: Ռևմատոլոգիական հիվանդությունները  ունեն նաև  ժառանգական հիմք: Գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց իմունիտետն է պատրաստ արձագանքել արտաքին միջավայրից եկող գործոններին:

Երկու հիվանդություն կա, որ ավելի հաճախ է գրանցվում Հայաստանում, քան աշխարհի մյուս երկրներում: Առաջինը՝ պարբերական հիվանդությունն է, երկրոդը՝Բեխչետի համախտանիշն  է, որը նույնպես ունի գենետիկ  նախատրամադրվածություն: Հիվանդության նշաններից են բերանի լորձաթաղանթի և միզասեռական օրգանների ցավոտ խոցերը, հոդացավերը, աչքերի բորբոքումը…. Հաճախ նման հիվանդներին ռևմատոլոգների մոտ են ուղարկում ստամոտոլոգները:

Ռևմատոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդներին մասնագետները խորհուրդ եմ տալիս պայքարել հիվանդության դեմ՝ ընկերանալով դրա հետ։ Ինքն իրեն օգնել ցանկացող պացիենտը պետք է զգա  հիվանդության սրացման առաջին իսկ նշանները ու դիմի բժշկին: Եվս մի կարևոր հանգամանք՝ պետք է գտնել այնպիսի բժշկի, որին կվստահեն 100 տոկոսով ու բուժման երկար ճանապարհը կանցնեն՝  նրա ցուցումների վրա հիմնվելով:

Ու հիշեք, համացանցում այսօր շատ ավելորդ տեղեկատվություն  կա, սխալ տեղեկատվություն, որը ոչ միայն չի օգնելու ձեզ, այլև հաճախ հանգեցնելու է անդառանալի հետևանքների: