Top

Ֆիզիկապես և հոգեպես առողջ երեխա

Ֆիզիկապես և հոգեպես առողջ երեխա մեծացնելու համար  ծնողները պետք է մի քանի կանոն հիշեն. երեխային պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա, ոչ թե փորձել նրանից կերտել այն, ինչ կամենում ենք տեսնել: Ընկալումով ու հարգանքով   վերաբերվել ու աջակցել, երբ դրա կարիքը երեխան ունի: Օրինակ լինել ամեն ինչում,  բացահայտ արտահայտել սեփական դրական զգացմունքները: Պարզ որոշել և երեխային  ուղիղ, առանց  ուժի կիրառման բացատրել, թե ինչ չի կարելի անել և ինչու: Խրախուսել  երեխայի` իր զգացմունքների ու ապրումների մասին ազնվորեն արտահայտվելու,  բացահայտվելու փորձը: Ամեն կերպ նպաստել երեխայի` շրջապատող աշխարհին ծանոթանալու և ուսումնասիրելու նախաձեռնությանը: Պետք չէ վիրավորվել, եթե երեխան մերժում է ծնողի աջակցությունը և փորձում ինքնուրույն ինչ-որ բան անել: Ընդունել, որ երեխան ինքնուրույն անհատականություն է, որն իր հայացքներն ունի, իր ցանկություններն ու ձգտումները, և չփորձել ապրել նրա փոխարեն:

Ցանկալի ու սիրելի երեխաները ծնվում են պինդ ու առողջ, նրանց բախտը կյանքում շատ ավելի է բերում, քան մյուսներինը: Սիրված երեխաները կարողանում են ընկերություն անել ինչպես հասակակիցների, այնպես էլ մեծահասակների հետ:

Շվեդացի գիտնականները հավաստիացնում են, որ այն  երեխաները, ովքեր  իրենց հասակակիցների  շրջանում համակրանք  են վայելում, շատ ավելի առողջ են լինում հասուն տարիքում: Ուսումնասիրությունների համաձայն` այն երեխաները, որոնք դպրոցում առանձնապես ճանաչման ու համարման չեն արժանանում, նրանց մեջ  ցածր ինքնագնահատանք է ձևավորվում, նվազում է կյանքից սպասելիքների պահանջը: Այդ երեխաների մեջ անառողջ կյանքի հակում է առաջանում. ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ:

Գերմանացի մասնագետները  կարծում են , որ ֆիզիկապես և հոգեպես առողջ երեխա մեծացնելու համար պետք է այնպես անել, որպեսզի փոքրիկը հեռուստացույցի առջև հնարավորինս քիչ ժամանակ ծախսի: Հարկ է նշել, որ Գերմանիայում  շատ երեխաներ ընդհանրապես հեռուստացույց չեն դիտում,  որովհետև տանը հեռուստացույց չկա, կամ  ծնողները միացնում են հեռուստացույցը միայն այն ժամանակ, երբ երեխաները քնած են: Չնայած կան մանկական ալիքներ, երեխաները հեռուստացույցի առջև անցկացնում են օրական ընդամենը 15-30 րոպե: Դրա փոխարեն  ողջ օրը նկարում են, խաղում, զբաղվում երաժշտությամբ ու սպորտով: Յուրաքանչյուր ընտանիք, որը սեփական տուն ունի, ունի նաև սեփական խաղահրապարակ, փոքրիկ լողավազան: Իսկ եթե ընտանիքն  ապրում է շենքում, ապա ակտիվ ծնողները տեղի ինքնակառավարման մարմինների հետ կազմակերպում են  խաղահրապարակներ, որտեղ չկան  քարեր, հոսանքալարեր ու վտանգավոր թեքություններ: Հատուկ ավազ է գնվում, կառուցվում են անվտանգ տնակներ, որ երեխաները փողոցում, բակում օգտակար և ուրախ ժամանակ անցկացնեն, և վազելու, մագլցելու, բլրակների վրայից գլորվելու, ձգվելու ու ճոպանով առաջ շարժվելու ժամանակ աշխատեն փոքրիկների մկանները, մարզվեն ֆիզիկապես: Ու  բակում էլ  կարող են խաղալ միայն բակի երեխաները: Մի մեծահասակ էլ տնից հետևում է այդ ամենին: Այս հանգամանքը նպաստում է երեխաների ինքնուրույն զարգացմանը, նրանք քիչ են նյարդայնանում, շփվող են, ավելի կիրթ:

Սկզբնաղբյուր. ankakh.com