Top

Խաղը երեխայի իրավունքն է

Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիոնալ զարգացման համար: Սնունդը, խաղը և սիրով լի ու անվտանգ միջավայրը զարգացնում են երեխայի ուղեղի աշխատանքը՝ ամուր հիմք ստեղծելով ողջ կյանքի համար: Խաղի վրա հիմնված կրթությունը երեխաների մոտ ձևավորում է համագործակցելու կարողություն, ստեղծագործ միտք ու հետաքրքրասիրություն, իմիջիայլոց սրանք 21-րդ դարի աշխատուժի համար շատ կարևոր հմտություններ են: Զարգանալու և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար երեխաները ավելի շատ խաղի կարիք ունեն այսօր: Խաղից է կախված, թե ինչ հմտություններով կզինվեն երեխաները, թե ինչպիսի մարդ կդառնան նրանք ու թե ինչպիսի աշխարհ կկերտեն միասին: Ուրեմն, եկե՛ք խաղանք: 1.Սիրելի ծնողներ, սկսե՛ք փոխել ձեր մտածելակերպը: Հիշեք, որ խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիոնալ զարգացման համար: Խաղը շատ օգտակար է երեխաների, ընտանիքների և ամբողջ հասարակության համար: Առավելություն տվե՛ք խաղին՝ լինի դա իրական կյանքում, թվային աշխարհում, թե երկուսում էլ համատեղ: 2.Որքան ավելի քիչ վերահսկեք ու կառուցվածքային դարձնեք խաղը, այնքան այն ավելի հետաքրքիր կլինի երեխայի համար: Մի քանի ոգեշնչող ուղղություն տվե՛ք ու թողե՛ք, որ երեխան ինքը ղեկավարի խաղը: Ազատ ու ինքնակառավարվող խաղը երեխաներին ուժ է հաղորդում՝ զարգացնելով ինքնավստահություն և ինքնուրույնություն: 3.Կարճ ֆիզիկական խաղը կօգնի ծնողներին համապատասխան տրամադրություն ձևավորել հատկապես աշխատանքային երկար օրվա ավարտից հետո: Ընդամենը 10 րոպե խաղը բավական է, որ սիրտը սկսի ավելի արագ զարկել ու բոլորը սկսեն ծիծաղել: Սա շատ կարևոր է ընտանեկան խաղի ժամանակ: 4.Խաղի հազար տեսակ կա՝ ֆիզիկական, ստեղծարար, էմոցիոնալ, սոցիալական, թվային ու մտավոր: Խաղի բազմազանությունը կարևոր է երեխայի մոտ ավելի շատ հմտություններ ձևավորելու համար: Թույլ տվե՛ք, որ երեխան ինքնուրույն ընտրի խաղի բազմաթիվ տեսակներից՝ ակտիվ խաղ, պատմություններ հորինել, փազլներ, դերային խաղ, ֆանտազիա ու մտածողություն զարգացնող խաղեր և այլն: 5.Իհարկե, բոլորս էլ սիրում ենք, երբ տունը հավաքված է ու կոկիկ: Դրա համար մենք հավաքում ու մի տեղում ենք պահում բոլոր խաղալիքները: Սակայն երեխաների համար խաղալիքների կույտը թափթփվածություն չէ, դա նրանց համար ստեղծագործ միտք ձևավորելուն օգնող լիքը գործիքներով մի հետաքրքիր միջավայր է: Այս տեսակետն ընդունելը կօգնի իրերին այլ կերպ նայել ու այս ու այն կողմ թափված խաղալիքները որպես խառնաշփոթ չդիտարկել: 6.Երբ միասին եք խաղում ու երեխան սխալվում է, մի՛ շտապեք դրա մասին ասել նրան: Թողե՛ք՝ երեխան ինքը բացահայտի, որ սխալվել է: Ավելին, հարցրե՛ք նրան, թե ինչու է այդպես ուղղում սխալը: Աջակցե՛ք, ոչ թե ղեկավարեք խաղի ընթացքը: Դա կօգնի նրանց մտածողության զարգացմանը: 7.Ընտրե՛ք իրական կամ հորինված մի կերպար ու երեխայի հետ սկսե՛ք նմանակել նրան: Ծիծաղելի ձայները, դեմքերն ու շարժումները օգնում են երեխաներին զարկ տալ իրենց պատկերացումներին ու ձևավորել պատմություն պատմելու հմտություններ: Ինչպես նաև, սա կօգնի ձեզ ավելի լավ ճանաչել երեխայի աշխարհն ու միասին լավ ժամանակ անցկացնել: 8.Երեխաները հաճույքով ու անհամբերությամբ են սպասում հատուկ օրերին/ժամերին, ուստի ընտանիքով խաղի համար հատուկ ժամ ընտրե՛ք, նույնիսկ, եթե դա ընթրիքից 15 րոպե առաջ է: Թողե՛ք, երեխաներն անձամբ ընտրեն խաղի տեսակն ու ձևը: Ինքնուրույն պլանավորելը կօգնի երեխային ավելի ստեղծարար լինել ու զարգացնել որոշումներ կայացնելու հմտությունը: 9.Բոլորս, այդ թվում նաև երեխաները, տնային գործեր ունենք, բայց պարտադիր չէ, որ դրանք ձանձրալի լինեն: Դրանք աշխույժ դարձնելու ամենապարզ տարբերակը երաժշտություն միացնելն ու փոշի հավաքելն ու հագուստը ծալելը պարի կամ մրցույթի վերածելն է: https://www.unicef.org/

Share

Subscribe for the Latest Updates

Loading