Top

Մանր մոտորիկա

Մանր մոտորիկան` շարժողական ակտիվությունը, ենթադրում է նյարդային, մկանային և ոսկրային համակարգերի զարգացում նպատակային, մանր, կենտրոնացված շարժումների, գործողությունների միջոցով, որոնք հիմնականում իրականացվում են ձեռքի մատների միջոցով: Իսկ ի՞նչ նշանակություն ունի մանր մոտորիկան և ինչպես նպաստել դրա զարգացմանը: Փորձենք պատասխանել այդ հարցերին: Մարմնի և հատկապես ձեռքերի մատների շարժումները ուղիղ կապ ունեն և ազդում են մարդու նյարդային համակարգի, խոսքի, գրելու և նկարելու հմտությունների վրա: Երեխայի մանր մոտորիկայի զարգացմանը նպաստելու համար քայլեր պետք է ձեռնարկել դեռ վաղ մանկության շրջանից, երբ նա փորձում է ձեռքն առնել վառ գույնի իրերն ու խաղալիքները,  հետո նաև փորձում է մեկ ձեռքով բռնել դրանք: Երեխայի մատների ծայրերին գտնվող նյարդային վերջավորությունները նյարդային հսկայական ազդակներ են հաղորդում գլխուղեղին: Այդ ազդակները մասնավորապես ձևավորում են երեխայի բանավոր խոսքը: Ահա թե ինչու է այդքան կարևոր մանր մոտորիկայի զարգացմանը նպաստել դեռ նորածնային շրջանից:

Ինչ մեթոդներ կան երեխայի ձեռքերի մատների զարգացմանը նպաստելու համար

Առաջին հերթին դա մատների մարմնամարզությունն է: Դա կարելի է սկսել երեխայի ծննդյան օրվանից: Մերսեք երեխայի ոտնաթաթերի ներսը և մատները, ձեռքերի ափերն ու մատները: Լավ կլինի, եթե այդ գործողությունը զուգորդեք, օրինակ` երգելով կամ որևէ մանկական բանաստեղծություն կարդալով: Երբ նա արդեն մի փոքր մեծանա, տարբեր փոքր առարկաներ տվեք նրան: Պետք չէ հեռուն գնալ. ընտրեք այն, ինչ շրջապատում է ձեզ, ձեռքի տակ է: Օրինակ` հետաքրքիր պատկերներ ստանալու համար կարելի է գունավոր կոճակներ օգտագործել: Սակայն անպայման հիշեք, որ նման խաղերը պետք է չափահաս անձի հսկողությամբ իրականացվեն, որպեսզի երեխան չկարողանա վնասել իրեն: Փոքրիկ իրերը հեշտությամբ կարող են հայտնվել նրա քթի կամ բերանի մեջ: Աստիճանաբար կարելի է բարդացնել խաղերը կոնստրուկտորների, փազլների միջոցով: Զարգացնող խաղերը շատ են, ու դրանք կարելի է ձեռք բերել խաղալիքների խանութներից, գրախանութներից: Խաղերն օգնում են երեխային ծանոթանալու աշխարհին, բախվել տարբեր իրավիճակների ու կարողանալ դուրս գալ դրանցից: Շատ կարևոր է խաղերի տարիքային ընտրությունը: Պետք է այնպես անել, որ երեխային հետաքրքրի ձեր առաջարկն ու գրավիչ լինի նրա տարիքի համար:

Ծնողների դերը երեխայի մանր մոտորիկայի զարգացման մեջ

Մանկական հոգեբանները խորհուրդ են տալիս վարժությունները հնարավորինս շուտ սկսել: Ամեն ինչ պետք է սկսել մերսումներից: Հետո, երբ երեխան կկարողանա բռնել իրերը, կարելի է սկսել խաղալ գունավոր, տարբեր չափսերի խորանարդիկներով` դրանք ըստ չափսերի ու գույների դասավորելով: Կարելի է օգտագործել գունավոր շրջանակներից բաղկացած բուրգը և էլի նման խաղեր: Ժամանակի ընթացքում պետք է բարդացնել խաղի կանոններն ու հասնել փազլներին: Ծնողները պետք է հնարավորինս հետաքրքրություն մտցնեն խաղերի մեջ, որպեսզի երեխաները չձանձրանան: Օրինակ` կարելի է փոքրիկ մրցույթների տեսքով դա անել: Միշտ չէ, որ մասնագետի միջամտության կարիք կա, ու տանը երեխային ժամանակ տրամադրելով էլ կարելի է օգնել նրան կարողանալ հեշտությամբ «գլուխ հանել» մանր-մունր իրերից:

Ինչ խաղալիքներ են խորհուրդ տալիս մասնագետները

Այն ժամանակ, երբ երեխան սկսում է ձեռքով որևէ բան բռնել, պետք է սկսել գունավոր բուրգի կառուցումը: Շրջանները ձողի վրա դասավորելու համար սկզբում մեծ ջանքեր կպահանջվեն: Հնարավոր է՝ ձեր փոքրիկը միանգամից չկարողանա դա անել, սակայն ժամանակի  ընթացքում անընդհատ փորձելով` հաջողության կհասնի: Հենց անհաջող փորձերն ու ջանքերն են, որ նպաստում են նրա մոտորիկայի զարգացմանը: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաների համար փայտից խաղալիքներ ընտրել: Դրանք հաճելի, բնական ծածկույթ ունեն, կլանում են մարդու մարմնի ջերմությունը, այդ իսկ պատճառով երեխան տհաճություն չի զգում դրանց դիպչելիս: Մանր մոտորիկայի զարգացման համար շատ արդյունավետ են նաև փազլներն ու խճանկարները: Երեխան ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է աշխատանքի վրա, լարում հիշողությունն ու ստիպված է լինում մատներով բավականին բարդ շարժումներ կատարել: Փազլները նաև առավելություն ունեն՝ երեխան կարող է հավաքելուց հետո պահել դրանք, ցույց տալ ընտանիքի մյուս անդամներին և, ինչու ոչ, գովեստի արժանանալ: Իսկ դա նրա համար ավելին անելու լավ խթան է: http://parents.disabilityinfo.am/

Share

Subscribe for the Latest Updates

Loading